«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Մեր գոյության հետ կապված և մեր կյանքի անբաժան ուղեկից հավերժական թպրտոցը շարունակվում է

Մեր գոյության հետ կապված և մեր կյանքի անբաժան ուղեկից հավերժական թպրտոցը շարունակվում է
20.07.2023 | 23:44

Հայ-ռուսական, հայ-թուրքական և ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես մեր, դեռևս լավ չձևավորված, հասարակության ուշադրության կենտրոնում են և ունեն մեկնաբանությունների մի հսկա դիապազոն՝ սկսած ծայրահեղ ռուսամետությունից մինչև ծայրահեղ թուրքամետություն։

Այսինքն, մեր գոյության հետ կապված և մեր կյանքի անբաժան ուղեկից հավերժական թպրտոցը շարունակվում է, իսկ ինչ վերաբերում է խորապես գիտակցված ու հիմնավորված մեր բնական հայամետությանը, ապա այն էլ, ինչպես մեր ամեն ինչը, կիսատ պռատ է ու լրիվ հասկացված չէ մարդկանց կողմից։

Դատարկ պարծենկոտությունն ու ցուցադրական հայրենասիրությունը գործին օգնող հանգամանքներ չեն, երբեմն՝ նույնիսկ հակառակը։

Ճիշտ է, որ իրավամբ կարող ենք համարվել աշխարհի կուլտուրական ժողովուրդներից մեկը (միայն թե կուլտուրականի փոխարեն չասեք մշակութային), բայց, չնայած պատմական Հայաստանի բավականին մեծ տարածքին ու ստվար բնակչությանը, մեր կուլտուրական ներդրումը եղել է զարմանալիորեն քիչ։

Զարմանալի է նաև, որ մինչև հիմա չկա այս հարցը ի մի բերող որևէ լուրջ աշխատություն, որը համեմատական անալիզի օգնությամբ մեզ կօգներ հասկանալ, թե մենք ինչ ենք տվել աշխարհին իսկապես արժեքավոր՝ քաղաքակրթական մաքառման տեսանկյունից։

Թե չէ, տեղից վեր կացող տեղյակ-անտեղյակ՝ աշխարհը մեզնից է առաջացել, էլ ոնց կլինե՜ր։

Այն հանգամանքը, որ հնդեվրոպական լեզուների ծագման ու տարածման հիպոթեզներից մեկը պնդում է, որ մայր լեզուն կրող մարդիկ, սկզբնապես ապրելով Հայկական բարձրավանդակում ու Անատոլիայում, այդ տարածքներից են ցրվել դեպի արևելք, արևմուտք և հյուսիս, մեզ որևէ առավելություն չի տալիս ուրիշների նկատմամբ։

Ծիծաղատեղ պետք չի դառնալ՝ ֆրանսիացիների ու գերմանացիների աչքերի մեջ նայելով ու խոսքի մեջ մեկումեջ նշելով, թե բա՝ գիտեք, քաղաքակրթությունը մեզնից է առաջացել։

Այն հանգամանքը, որ Բավարիայում և այլ եվրոպական երկրներում ժողովրդի հիշողության մեջ մնացել է, որ իրենց նախնիները եկել են Հայաստանից, մեզ ոչ մի բան չի տալիս, դա պարզապես շատ հետաքրքիր փաստ է գիտության տեսանկյունից և որևէ առնչություն չունի մեր խեղճուկրակ ներկա գոյության հետ։

Մի խոսքով, վերադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հարցին, պետք է ասել, որ մեզնում կարծիքների շատ մեծ բազմազանություն կա այն հարցում, թե Ռուսաստանը ինչ դեր է ունեցել և ունի մեր ներկա ոչ նախանձելի վիճակի հետ կապված։

Ի թիվս այլ հարցերի, վերջին տարիներին արհեստականորեն ասպարեզ է իջեցվել նույնիսկ այն հարցը, թե մեզ համար ո՞ր կողմնորոշումն է լավ՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական։

Պարզ է, թե այս հարցը որտեղից է գալիս, բայց, անկախ դրանից, այն հստակ պատասխան է ուզում, ըստ որում, այնպիսի պատասխան, որը հասկանալի լինի հնարավորինս մեծ թվով մեր հայրենակիցներին։

Նախ և առաջ, այս հարցի ուղղագիծ պատասխանը, թե ռուսները լավն են, իսկ թուրքերը՝ վատը, չի բավարարում, քանի որ մարդկանց մոլորեցնող և հակառակը պնդող պրոպագանդան լավ պլանավորած ու երբեմն էլ պարզ ու անտեղյակ հոգիների համար համոզիչ է։

Սկսենք նրանից, որ և՛ ռուսները, և՛ թուրքերը պետականամետ ու կայսրություններ ստեղծած ժողովուրդներ են, ինչը նշանակում է, որ նրանց տիրապետության տակ եղել են բազմաթիվ ենթակա այլ ժողովուրդներ։

Եթե դիտարկում ենք այն հարցը, թե ինչ հարաբերություններ ու վերաբերմունք են ունեցել ռուսներն ու թուրքերը իրենց իշխանության տակ գտնվող ժողովուրդների նկատմամբ, ապա տեսնում ենք հետևյալը։

Պարզից պարզ է ու ակնհայտ, որ ռուսները իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին միջնադարյան կյանքից բարձրացրել են դեպի ժամանակակից կյանք՝ ստեղծելով նրանց համար կրթական համակարգ, կուլտուրական կյանք և այլ դրական բաներ։

Թուրքերի մոտ լրիվ հակառակն է՝ հետամնացություն, թալան ու կոտորածներ: Մարդկային կյանքի ձգտող թուրքահպատակ ժողովուրդները, ինչպես, ասենք, բալկանյան ժողովուրդները, բոլոր միջոցներով փորձել են ազատվել նրանցից ու փրկվել են, իսկ մենք, պոնտական հույները և ասորիները չկարողացանք ազատվել ու կոտորվեցինք։

Բնական է նաև, որ ռուսներն էլ, թուրքերն էլ մեր արևով չեն երդվում, բայց պարզ հաշվարկ կա, թե նրանցից որը ինչ է տվել մեզ և ինչ է վերցրել մեզնից։

Ռուսները մեզ տվել են ամեն ինչ, ներառյալ՝ պետականություն՝ Խորհրդային Հայաստանի տեսքով, կյանքի ապահովություն, կրթական ընտիր համակարգ, արդյունաբերություն, մի խոսքով ամեն ինչ, որի մասին, առանց իրենց, մենք կարող էինք միայն երազել։

Տարրական հաշվարկը ասում է նաև, որ մենք խորհրդային տարիներին միշտ ապրել ենք դոտացիայով, այսինքն, մեզնից բան չեն տարել, այլ միշտ ավելի շատ տվել են։

Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք ոչ միայն մեզ գենոցիդել են, այլ նաև մեր ժողովրդից թալանածը թույլ է տվել նրանց կառուցել նոր պետականություն։

Թվում է, որ այսքանից հետո մեր կողմնորոշման հարցը ունի միարժեք պատասխան, բայց որը շատ դժվար է հասնում տգետ ու ապակողմնորոշված մասսային և անփորձ ու խեղճուկրակ վերնախավին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5772

Մեկնաբանություններ